Հաճախ տրվող հարցեր

Այս բաժնում ներկայացված են վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված ՀՀ պետական մարմինները և յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտ(ներ)ին առնչվող, հարց-պատասխան ձևաչափով հանրամատչելի ոճով շարադրված այն հիմնական հարցերն իրենց պատասխաններով, որոնք առավել շատ են հետաքրքրում օտարերկրյա պետություններում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող ՀՀ քաղաքացիներին (ինչպես նաև երկքաղաքացիներին)։

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում



Որո՞նք են համարվում ծննդի պետական գրանցման հիմքերը:

Ծննդի պետական գրանցման հիմքերն են՝

ա) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը.

բ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ.

գ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի (այսուհետ՝ բժիշկ) կողմից՝ բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում.

դ) ծննդյան մասին սահմանված ձևի գրավոր հայտարարությունը՝ տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի (անձանց) կողմից, և երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանքը՝ բժշկական կազմակերպությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում:

Եթե տվյալ անձը հայտարարություն տալու համար անձամբ չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին, ապա տվյալ հայտարարության տակ դրված նրա ստորագրությունը պետք է վավերացվի նոտարական կարգով:

Ծննդի պետական գրանցման հիմքերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Ո՞ր մարմիններն են իրականացնում ծննդի պետական գրանցումը:

Ծննդի պետական գրանցումը իրականացվում է ցանկացած ՔԿԱԳ տարածքային մարմնում, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունում:

Ի՞նչ ընթացակարգով է իրականացվում երեխայի ծննդյան պետական գրանցումը:

Երեխայի ծննդյան պետական գրանցումը իրականացվում է գրավոր հայտարարության /դիմումի/ դիման վրա:

Երեխայի ծննդյան մասին հայտարարության հետ պետք է ներկայացվի երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև ծնողների (ծնողներից մեկի) կամ դիմողի անձը հաստատող, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր:

Ծննդյան դիմումը (հայտարարությունը) գրավոր ներկայացվում է ՔԿԱԳ մարմին, դիմումում պետք է նշել հետևյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը և ազգանունը.

բ) ծննդյան վայրը, ժամանակը և սեռը.

գ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Ե՞րբ պետք է ներկայացվի երեխայի ծննդյան մասին հայտարարությունը:

Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:

Ի՞նչ տեղեկություններ են լրացվում երեխայի ծնողների մասին ծննդի ակտի գրառման մեջ:

1. Երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը և մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որևէ մեկի դիմումի հիման վրա: Երեխայի մոր մասին տեղեկությունները երեխայի ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հիման վրա, իսկ հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության վկայականի հիման վրա:

2. Եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են, ամուսնությունը դատական կարգով ճանաչվել է անվավեր, կամ եթե ամուսինը մահացել է, բայց ամուսնալուծության, ամուսնության անվավեր ճանաչման կամ ամուսնու մահվան օրվանից մինչև երեխայի ծննդի օրը անցել է ոչ ավելի, քան երեք հարյուր օր, ապա ծննդի ակտի գրառման մեջ երեխայի մոր մասին տեղեկությունները լրացվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության վկայականի կամ ամուսնության պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթի, ինչպես նաև ամուսնությունը դադարելու ժամանակը հաստատող փաստաթղթի հիման վրա:

3. Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ մոր մասին տեղեկությունները լրացվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով: Այդ դեպքերում երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են՝

ա) հայրության որոշման ակտի գրառման հիման վրա, եթե հայրությունը ճանաչվում և գրանցվում է երեխայի ծննդի պետական գրանցման հետ միաժամանակ.

բ) երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ: Երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը և նրա հայրանունը՝ մոր ցուցումով: Երեխայի հոր մասին լրացված տեղեկությունները չեն կարող արգելք հանդիսանալ հայրության որոշման հարցի լուծման համար: Մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները:

4. Ամուսնության մեջ գտնվող անձինք, ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ծննդի պետական գրանցման գրքում գրանցվում են որպես ծնողներ (ծնող)՝ փոխնակ մոր հետ կնքած պայմանագրի և ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման հիման վրա։

Ինչպե՞ս է գրառվում երեխայի անունը, հայրանունը, ազգանունը ծննդի պետական գրանցման ժամանակ:

1.Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը գրառվում է ծնողների համաձայնությամբ:

2. Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի հայրանունը գրառվում է հոր անվամբ:

3. Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի ազգանունը գրառվում է նրա ծնողների ազգանվամբ: Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է հոր կամ մոր ազգանվամբ՝ ծնողների համաձայնությամբ:

4.  Երեխայի հոր հետ ամուսնության մեջ չգտնվող մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունները լրացվում են մոր ցուցումով:

Ինչպե՞ս է իրականացվում մեկ տարեկան և ավել դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը:

Մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձևի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների (ծնողներից մեկի) կամ երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` վարչական շրջանի ղեկավարի) կամ լիազորված անձի կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա: Երեխայի չափահաս դառնալուց հետո նրա ծննդի պետական գրանցումն իրականացվում է իր դիմումի հիման վրա:

Ի՞նչ տեղեկություններ է պարունակում ծննդյան վկայականը:

Ծննդյան վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ` նաև ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը.

բ) ծնողների անունը, հայրանունը, ազգանունը և ազգությունը.

գ) ծննդի ակտի գրառման ժամանակը և համարը.

դ) ծննդի պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ե) ծննդյան վկայական տալու ժամանակը և տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը:

Որո՞նք են համարվում ամուսնության պետական գրանցման հիմքերը:

Ամուսնության պետական գրանցման համար հիմք է համարվում ամուսնացող անձանց համատեղ դիմումը:

Ո՞ր մարմիններն են իրականացնում ամուսնության պետական գրանցումը:

Ամուսնության պետական գրանցումը իրականացվում է ցանկացած ՔԿԱԳ տարածքային մարմնում, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունում:

Դուք գտե՞լ եք ձեր հարցի պատասխանը

Շնորհակալություն հաղորդագրության համար, այն հաջողությամբ ուղարկված է:

Մեր մասնագետը հնարավորինս արագ կպատասխանի Ձեզ: Ցանկության դեպքում Դուք կարող եք գրանցվել համակարգում և, այցելելով ՁերԱնձնական էջ, տեսնել Ձեր նամակագրության պատմությունը: