Հաճախ տրվող հարցեր

Այս բաժնում ներկայացված են վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված ՀՀ պետական մարմինները և յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտ(ներ)ին առնչվող, հարց-պատասխան ձևաչափով հանրամատչելի ոճով շարադրված այն հիմնական հարցերն իրենց պատասխաններով, որոնք առավել շատ են հետաքրքրում օտարերկրյա պետություններում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող ՀՀ քաղաքացիներին (ինչպես նաև երկքաղաքացիներին)։

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում



Ի՞նչ է վերադարձի վկայականը:

Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող` քաղաքացիություն չունեցող անձանց հնարավորություն է տալիս օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:

Ո՞ր դեպքերում է տրամադրվում Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական:

Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի, փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետության կողմից տրված ճամփորդական փաստաթղթերի անվավեր (ժամկետանց) լինելու, բացակայության, ընդհանրապես տրամադրված չլինելու, օգտագործման համար ոչ պիտանի լինելու և շտապ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու անհրաժեշտության դեպքում:

Որտե՞ղ կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական:

Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական կարելի է ստանալ տվյալ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից կամ հյուպատոսական հիմնարկից: Առանձին դեպքերում, երբ անձը գտնվում է այնպիսի պետությունում կամ վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել հյուպատոսական հիմնարկ (օրինակ` Թուրքիայի Հանրապետությունում) ապա վերադարձի վկայականը կարող է տրամադրվել անձի օրինական ներկայացուցչի կամ լիազոր անձի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից: 

Ո՞վ և ինչպե՞ս կարող է դիմել ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար:

Վերադարձի վկայական հայցողն օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ կարող է դիմել ինչպես անձամբ (նաև՝ փոստով), այնպես էլ լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի միջոցով: Փոստով դիմելու իրավունք ունի միայն վերադարձի վկայական հայցողը, իսկ վերջինիս օրինական ներկայացուցիչը կամ լիազոր անձը դիմումը ներկայացնում են անձամբ:

Եթե դիմումը ներկայացվել է փոստով կամ օրինական ներկայացուցչի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա վերադարձի վկայականը կարող է հանձնվել միայն վերադարձի վկայականը հայցողի անձամբ ներկայանալու դեպքում: Վերադարձի վկայականը հայցողի կողմից դիմումն անձամբ ներկայացնելու դեպքում վերադարձի վկայականը վերջինիս ցանկությամբ և իր հաշվին կարող է տրամադրվել նաև փոստով՝ պատվիրված նամակով:

Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար, եթե վերադարձի վկայական հայցողը օտարերկրյա պետությունում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ է դիմում անձամբ:

Վերադարձի վկայական հայցողն անձամբ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ դիմելիս պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի, լրացված (պարտադիր լրացման ենթակա են 1-7-րդ կետերը) և ստորագրված դիմողի կողմից.

2) 35 x 45 մմ չափսի երկու նույնական գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության).

3) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները և`

4) ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի (այլ օրինական փաստաթղթի) կամ նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագրի առկայության դեպքում` տվյալ փաստաթղթի բնօրինակը: Նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև դիմումն ընդունող հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի համապատասխան պետության քաղաքացիությունը ժխտող տեղեկանք, կամ՝

5) օրինական փաստաթղթի բացակայության դեպքում՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) անձը հաստատող այլ փաստաթղթերի բնօրինակները (նույնականացման քարտ, Հայաստանի Հանրապետության (նաև նախկին ՀԽՍՀ) իրավասու մարմնի կողմից տրված զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական) կամ դրանց նոտարական կարգով հաստատված լուսապատճենները (առկայության դեպքում),

բ. տեղեկանք տվյալ բնակավայրի ոստիկանությունից (այլ իրավասու մարմնից)` անձնագրի կորստի կամ գողության, կողոպուտի կամ այլ հանցագործության կամ բնական կամ տեխնածին աղետի հետևանքով անձնագիրը կորցնելու մասին (առկայության դեպքում),

գ. վարորդական վկայականի բնօրինակը (առկայության դեպքում),

դ. բացակայող օրինական փաստաթղթի լուսապատճենը (առկայության դեպքում).

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացած չլինելու դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ դրանց լուսապատճենները` հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

բ. ծնողի (ծնողների) անձնագրերի կամ նույնականացման քարտերի բնօրինակները:

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար, եթե վերադարձի վկայական հայցողը օտարերկրյա պետությունում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ է դիմում լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի միջոցով:

Եթե դիմումը ներկայացնում է վերադարձի վկայական հայցողի լիազորված անձ հանդիսացող ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ այլ լիազոր անձինք կամ օրինական ներկայացուցիչները, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝

1) ծնողի դեպքում՝ ծնողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, վերադարձի վկայական հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենը, լիազորագրի բնօրինակը.

2) եղբոր և քրոջ դեպքում՝ նրանց անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի բնօրինակը, վերադարձի վկայական հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները, լիազորագրի բնօրինակը.

3) ամուսնու դեպքում՝ ամուսնու անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, վերադարձի վկայական հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները, լիազորագրի բնօրինակը.

4) զավակի դեպքում՝ զավակի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և վերադարձի վկայական հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները, լիազորագրի բնօրինակը.

5) այլ լիազոր անձի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը ևվերադարձի վկայական հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) օրինական ներկայացուցչի դեպքում՝ օրինական ներկայացուցչի անձնագիրը (նույնականացման քարտը), օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ և վերադարձի վկայական հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը:

Քանի՞ աշխատանքային օրվա ընթացքում է տրամադրվում ՀՀ վերադարձի վկայական:

ՀՀ վերադարձի վկակայանը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում: Լրացուցիչ ստուգումների անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը տասներկու աշխատանքային օրով:

Ի՞նչ ժամկետով է տրամադրվում ՀՀ վերադարձի վկայականը:

Վերադարձի վկայականը տրամադրվում է մեկ ամիս ժամկետով:

Կարո՞ղ է արդյոք քաղաքացին դիմել ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ և ստանալ ծառայություններ, եթե նա չի կանգնել հյուպատոսական հաշվառման:

Հյուպատոսական հաշվառումը կամավոր է, հետևաբար, հյուպատոսական հաշվառման կանգնած չլինելը չի սահմանափակում ՀՀ քաղաքացիների իրավունքները` որևէ հյուպատոսական ծառայություն ստանալու հարցում:

Ինչպե՞ս է կատարվում օտարերկրյա պետությունում ծնված ՀՀ քաղաքացու անձնագրում ազգանվան և անվան անգլերեն գրառումը.

Oտարերկրյա պետությունում ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվան, ազգանվան և հայրանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի վերջինիս` օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթում (ծննդյան վկայականում) կատարված անգլերեն գրառման հետ:

Դուք գտե՞լ եք ձեր հարցի պատասխանը

Շնորհակալություն հաղորդագրության համար, այն հաջողությամբ ուղարկված է:

Մեր մասնագետը հնարավորինս արագ կպատասխանի Ձեզ: Ցանկության դեպքում Դուք կարող եք գրանցվել համակարգում և, այցելելով ՁերԱնձնական էջ, տեսնել Ձեր նամակագրության պատմությունը: