Հաճախ տրվող հարցեր

Այս բաժնում ներկայացված են վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված ՀՀ պետական մարմինները և յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտ(ներ)ին առնչվող, հարց-պատասխան ձևաչափով հանրամատչելի ոճով շարադրված այն հիմնական հարցերն իրենց պատասխաններով, որոնք առավել շատ են հետաքրքրում օտարերկրյա պետություններում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող ՀՀ քաղաքացիներին (ինչպես նաև երկքաղաքացիներին)։

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում



Ի՞նչ հիմքերով է քաղաքացին ազատվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը`

1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.

2) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն.

3) ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:

4) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ու 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում (տե՛ս հղմամբ):

Եթե անձը երկքաղաքացի է, ապա արդյո՞ք պարտավոր է պարտադիր զինվորական ծառայության անցնել ՀՀ զինված ուժերում:

1) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի պահանջների համաձայն` ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի, ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը:

2) ՀՀ երկքաղաքացին հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության զինապարտ և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության Հայաստանի զինված ուժերում, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն:

Ո՞ր տարիքից են ՀՀ արական սեռի քաղաքացիները կցագրվում և ի՞նչ ընթացակարգով:

Զինվորական հաշվառում իրականացնում են`

1) զինապարտի մշտական բնակության վայրի տարածքային ստորաբաժանումը.

2) ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայությունը` Հայաստանի Հանրապետությունում ըստ բնակության վայրի հաշվառում չունեցող և հյուպատոսական հաշվառման վերցված զինապարտներինը:

3) Զինվորական հաշվառման ենթակա են տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները:

4) Զինվորական հաշվառման են վերցվում նաև 18 տարին լրացած և զինվորական մասնագիտություն ստացած կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիները: Սահմանված ժամկետում զինվորական հաշվառում չանցած քաղաքացիների զինվորական հաշվառումն իրականացվում է սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով: Զինվորական հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5) Զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ գործատու կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները` նաև համայնքում բնակվող զինապարտների վերաբերյալ գրանցամատյան, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6) Զինվորական հաշվառման նպատակով տարածքային ստորաբաժանումում կազմվում է զինապարտի անձնական գործ, որում մուտքագրվում են զինապարտի ծննդյան և անձնագրային, անհրաժեշտ կենսաչափական, հաշվառման վայրի, ընտանեկան դրության, կրթության, աշխատանքային գործունեության, առողջական վիճակի, դատվածության վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ներառվում են այդ տվյալների վերաբերյալ համապատասխան բնօրինակ փաստաթղթերը կամ դրանց պատճենները: Տվյալների միասնականությունը և համակարգված կիրառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վարում է զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Որտե՞ղ կարող է դիմել զորակոչի տարիքի ՀՀ քաղաքացին, եթե գտնվում է ՀՀ տարածքից դուրս և չի կարող սեփական միջոցներով վերադառնալ:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչին քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով համապատասխան տարածքային ստորաբաժանումը, իսկ քաղաքացու՝ օտարերկրյա պետությունում բնակվելու և տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառված լինելու դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում են տարածքային ստորաբաժանում ներկայանալու պարտավորության մասին՝ ծանուցման մեջ նշելով տարածքային ստորաբաժանում ներկայանալու ժամկետը:

Ովքե՞ր են ենթակա պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:

Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:

Ո՞վ ենթակա չէ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:

1) Պարտադիր զինվորական ծառայության ենթակա չէ այն քաղաքացին, որը նախկինում դատապարտվել է ազատազրկման` ծանր կամ առանձնապես ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորությամբ կատարած հանցագործության համար և ազատազրկման ձևով պատիժ է կրել երեք տարուց ոչ պակաս ժամկետով, կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 139-րդ կամ 142-րդ կամ 266-րդ կամ 272-րդ կամ 327.2-րդ կամ 327.3-րդ կամ 327.5-րդ կամ 362-րդ հոդվածով կամ 363-րդ հոդվածի 2-րդ և (կամ) 3-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու համար:

2) Հայտարարված զորակոչի ժամանակ պարտադիր զինվորական ծառայության չի կարող զորակոչվել այն անձը, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության:

Արդյո՞ք ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պարագայում հնարավոր է խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից:

Զինվորական հաշվառումից հանվում են օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք:

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած քաղաքացիների համար:

ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշման համաձայն հայտարարված զորակոչի ընթացքում տարածքային ստորաբաժանում չներկայացած կամ զորակոչից խուսափած անձանց անձնական գործերի պատճենները, հաստատված տարածքային ստորաբաժանման ղեկավարի կնիքով, զորակոչի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան միջնորդությամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժին` միաժամանակ տեղեկացնելով համապատասխան կայազորային զինվորական դատախազությանը:

Ո՞ր դեպքերում է քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվում տարկետում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է`

  1. առողջական վիճակի պատճառով.
  2. ընտանեկան պայմաններից ելնելով:

Ո՞ր դեպքերում է քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում:

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է`

1) բուժման կարիք ունենալու կամ

2) զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում:

Դուք գտե՞լ եք ձեր հարցի պատասխանը

Շնորհակալություն հաղորդագրության համար, այն հաջողությամբ ուղարկված է:

Մեր մասնագետը հնարավորինս արագ կպատասխանի Ձեզ: Ցանկության դեպքում Դուք կարող եք գրանցվել համակարգում և, այցելելով ՁերԱնձնական էջ, տեսնել Ձեր նամակագրության պատմությունը: