Հաճախ տրվող հարցեր

Այս բաժնում ներկայացված են վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված ՀՀ պետական մարմինները և յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտ(ներ)ին առնչվող, հարց-պատասխան ձևաչափով հանրամատչելի ոճով շարադրված այն հիմնական հարցերն իրենց պատասխաններով, որոնք առավել շատ են հետաքրքրում օտարերկրյա պետություններում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող ՀՀ քաղաքացիներին (ինչպես նաև երկքաղաքացիներին)։

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում



Ո՞վ է համարվում ՀՀ ներմուծված ապրանքների հայտարարատու:

Հայտարարատուն այն անձն է, ով օգտվելու է խնդրո առարկա արտոնությունից:

Ո՞վ կարող է օգտվել օտարերկրյա պետությունում 12 ամսից ոչ պակաս բնակված ՀՀ ֆիզիկական անձանց համար նախատեսված արտոնությունից:

Սույն արտոնությունից կարող է օգտվել օտարերկրյա պետությունում ոչ պակաս քան 12 ամիս բնակված ՀՀ ֆիզիկական անձը (այսինքն ՀՀ-ից օտարերկրյա պետություն մեկնելիս ՀՀ բնակության վայրի հաշվառումը պահպանած անձը), եթե ՀՀ օրենսդրությանը համապատասխան հիմնավորում է նշված ժամանակահատվածում օտարերկրյա պետությունում նրա բնակվելու փաստը։

Ո՞րն է համարվում ուղեկցվող ուղեբեռ:

ԵԱՏՄ օրենսգրքի 255-րդ հոդվածի իմաստով՝ ուցեկցվող ուղեբեռ է համարվում  անձնական օգտագործման ապրանքներ՝ ներառյալ ձեռքի ծանրոցը, որոնք տեղափոխվում են Միության մաքսային սահմանով Միության մաքսային տարածք ֆիզիկական անձի փաստացի մուտքի կամ Միության մաքսային տարածքից նրա մեկնման ժամանակ։

Ո՞րն է համարվում չուղեկցվող ուղեբեռ:

ԵԱՏՄ օրենսգրքի 255-րդ հոդվածի իմաստով՝ չուղեկցվող ուղեբեռ է համարվում ֆիզիկական անձին պատկանող անձնական օգտագործման ապրանքները, որոնք Միության մաքսային սահմանով փաստացի տեղափոխման համար տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերով հաստատվող միջազգային փոխադրման (տրանսպորտային առաքման) պայմանագրով փոխանցվել են  փոխադրողին՝ կապված Միության մաքսային տարածք այդ ֆիզիկական անձի մուտքի կամ Միության մաքսային տարածքից նրա մեկնման հետ։

Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող կամ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստացած ֆիզիկական անձի անձնական օգտագործման օգտագործված ապրանքների ներմուծման մաքսատուրքից և հարկերից ազատման արտոնության կիրառման ի՞նչ պայմաններ են սահմանված:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետի ա) ենթակետի համաձայն՝ օտարերկրյա ֆիզիկական անձը, որը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապա­տասխան ճանաչվել է մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ, կարող է մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ցանկացած եղանակով Միության մաքսային տարածք ներմուծել օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման ապրանքներ՝ հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝

1.    նախորդ բնակության երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է ոչ ուշ, քան օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից 18 ամսվա ընթացքում,

2.    անձնական օգտագործման ապրանքները ձեռք են բերվել օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ,

3.    անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու կամ նրա կողմից փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու հետ կապված՝ Միության մաքսային տարածք մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքների ներմուծումն այդ ֆիզիկական անձի կողմից նախկինում չի իրականացվել:

Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող կամ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստացած ֆիզիկական անձի անձնական օգտագործման ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների, ինչպես նաև ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդների ներմուծման մաքսատուրքից և հարկերից ազատման արտոնության կիրառման ի՞նչ պայմաններ են սահմանված:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետի բ) ենթակետի համաձայն՝ օտարերկրյա ֆիզիկական անձը, որը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապա­տասխան ճանաչվել է մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ, կարող է մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ցանկացած եղանակով Միության մաքսային տարածք ներմուծել ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, ինչպես նաև ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդներ, որոնք անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ են՝ յուրաքանչյուր տեսակի 1 միավորից ոչ ավելի քանակությամբ՝ հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝

1.    նախորդ բնակության երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է ոչ ուշ, քան օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից 18 ամսվա ընթացքում,

2.    անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող՝ ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցները, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդները գրանցված են եղել և գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո, որը ճանաչվել է մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ նախկին բնակության երկրում առնվազն 6 ամսվա ընթացքում կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ավելի սեղմ ժամկետում՝ օտարերկրյա այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ ֆիզիկական անձի կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ,

3.    անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու կամ նրա կողմից փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու հետ կապված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդների՝ Միության մաքսային տարածք մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծումն այդ ֆիզիկական անձի կողմից նախկինում չի իրականացվել։

Ո՞ր ապրանքներն են համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձի կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքներ

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նշված անձանց պատկանող օգտագործված ապրանքներ (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների), որոնք նախատեսված են ֆիզիկական անձի՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար, ձեռք են բերվել օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ և չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բնաիրային չափերը, և անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, դրանց կցորդներ՝ յուրաքանչյուր տեսակից մեկ միավորից ոչ ավելի քանակի, որոնք գրանցված են եղել և գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո նախկին բնակության երկրում առնվազն վեց ամսվա ընթացքում՝ նախքան ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչելու փաստը հաստատող կամ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ունենալու փաստը հաստատող փաստաթղթի տրամադրման օրը, որը ճանաչվել է մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ կամ Հայաստանի Հանրապետությունում ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ:

Ովքե՞ր են համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող օտարերկրյա ֆիզիկական անձինք

 «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249.1 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող օտարերկրյա ֆիզիկական անձ է ճանաչվում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ Հայաստանի Հանրապետության հատուկ կամ Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունեցող այն ֆիզիկական անձը, որին բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը տրամադրել է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ:

Ու՞մ է տրամադրվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249.1 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը տրամադրվում է նույն հոդվածի 2-րդ մասում նշված այն ֆիզիկական անձին, որը այդ փաստաթուղթն ստանալու նպատակով նույն մասում հիշատակված լիազոր մարմին դիմելու օրվան նախորդող 1825 օր ժամանակահատվածում առնվազն 915 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքի ներմուծման համար հարկային ի՞նչ արտոնություններ են տրամադրվում։

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (04.10.2016թ ՀՕ-165-Ն) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 42-րդ կետի համաձայն՝ ավելացված արժեքի հարկից ազատվում է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման գույքի ներմուծումը։

Դուք գտե՞լ եք ձեր հարցի պատասխանը

Շնորհակալություն հաղորդագրության համար, այն հաջողությամբ ուղարկված է:

Մեր մասնագետը հնարավորինս արագ կպատասխանի Ձեզ: Ցանկության դեպքում Դուք կարող եք գրանցվել համակարգում և, այցելելով ՁերԱնձնական էջ, տեսնել Ձեր նամակագրության պատմությունը: