
Հարկադիր ու կամավոր վերադարձողների համար ՀՀ-ն վերաինտեգրման ծրագրեր ունի, որոնց կարող են մասնակցել նաև Նիդեռլանդներից վերադարձող երեխաներն արտաքսման պարագայում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:
Նրա խոսքերով՝ ՀՀ և ԵՄ անդամ երկրների քաղաքացիների՝ միմյանց տարածքում գտնվելու կարգը սահմանվում է երկկողմ համաձայնագրերով, իսկ քաղաքացիների հետընդունման կարգը՝ ռեադմիսիոն համաձայնագրով։
«Հայաստանը ողջ ծավալով իրականացնում է ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ Բացի դրանից՝ վերադարձողների համար, անկախ նրանից՝ հարկադիր, թե կամավոր, եվրոպացի գործընկերների հետ համագործակցությամբ գործարկվել են մի շարք վերաինտեգրման ծրագրեր՝ ուղղված մեր քաղաքացիների սահուն ինտեգրմանը Հայաստանում»,- հայտնեց նա:
Նշենք, որ Deutche Welle-ն այսօր հաղորդել էր, որ Նիդեռլանդներում հայ ընտանիքին արտաքսումից «փրկելու» համար եկեղեցին 1 ամիս է՝ պատարագ է մատուցում: