ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻՆ. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՏԱՔՍՈՒՄ

2018 թվականին չորս կանոնավոր թռիչքներով Եվրամիության անդամ երկրներից Հայաստան է վերադարձվել 268 ՀՀ քաղաքացի: Սա ԵՄ անդամ երկրներից արտաքսվածների թիվն է: Այս թիվը էապես աճել է, համեմատության համար նշենք, որ 2016-ին վերադարձվել էր 113 անձ: Միգրացիոն քաղաքականության կոշտացման հետևանքով Գերմանիայից անգամ քաղցկեղով հիվանդներն են վերադարձվում Հայաստան: 2018 թվականին 1675 մարդ է վերադարձել եվրոպական երկրներից: Նրանցից 1032-ը վերադարձել են Գերմանիայից, 369-ը՝ Ֆրանսիայից, 61-ը՝ Նիդերլանդներից, 56-ական Ավստրիայից ու Բելգիայից: Այս վերադարձողների թվում են նաև ինքնակամ վերադարձողները: Վերջին տարիներին Եվրամիության անդամ երկրները կոշտացրել են իրենց միգրացիոն քաղաքականությունը: Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն  ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանի խոսքով՝ խստացումն առաջին հերթին պայմանավորված է մեծ թվով միգրանտների հոսքով դեպի ԵՄ անդամ երկրներ: Հայաստանը ԵՄ հետ կնքած ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում ավելի շատ հայցեր է սկսել ստանալ ԵՄ անդամ երկրներից: Հայցերի հաճախակիացման պատճառը միգրացիոն ճգնաժամն է, ասում է Հայկանուշ Չոբանյանը: ՀՀ քաղաքացիների համար սմիգրացիոն քաղաքականության խստացումն ունի նաև այլ պատճառ՝ Հայաստանը ԵՄ անդամ երկրների կողմից դիտարկվում է որպես ապահով և ժողովրդավարական երկիր: Հատկապես 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացիների համար շատ դժվար է ԵՄ անդամ երկրներում ապաստան ստանալը: “Հայաստանը պաշտոնապես ապահով է համարվում, օրինակ, Ֆրանսիայի կողմից: Ի՞նչ ենք հասկանում ապահով ասելով: Ապահով է, քանի որ Հայաստանում չկան պատերազման գործողություններ, մարդու իրավունքների զանգվածային խախտումներ և այն բոլոր խնդիրները, որոնց պատճառով մարդու կյանքին վտանգ է սպառնում: Բացի դրանից, ապահով լինել նշանակում է, որ Հայաստանից ներկայացված ցանակացած ապաստանի հայց դիտարկվելու է արագացված ընթացակարգով: Այսինքն՝ եթե ՀՀ քաղաքացին դիմում է ներկայացնում Ֆրանսիայում, 15 օրվա ընթացքում դիմումը քննարկվում է, և պատասխան է ներկայացվում: Դա նշանակում է, որ այլևս երկար ընթացկարգերը չեն գործելու”,- ասում է մասնագետը: Հայկանուշ Չոբանյանի խոսքով՝ Եվրոպական երկրները նույնիսկ ցուցակ ունեն, թե Հայաստանից ապաստան հայցողներն ինչ հիմքեր են ներկայացնում: Այսօր արդեն ԵՄ երկրները Հայաստանից ապաստան հայցողներից շատ քչերի դիմումներն են հաստատում: Ասում են՝ էլ  չեն հավատում հայերի հեքիաթներին: «Իրենք արդեն ասում են՝ այն հեքիաթները, որոնք հայերը հորինում են, սուտ են: Իրենք չեն հավատում այդ պատմություններին: Օրինակ՝ խառնամուսնությունների հարցն են օգտագործում հայերը, թե իբր ադրբեջանցու ու հայի ընտանիք է, որը չի կարող վերադառնալ Հայաստան: Նաև ասում են, որ քաղաքական հետապնդումների են ենթարկվում: Բայց այդ պատմությունները հաջողությամբ չեն պսակվում, քանի որ եվրոպացիներն էլ շատ լավ գիտեն, թե ինչ իրավիճակ է հիմա Հայաստանում»,- ասաց նա: Հայաստանից գնացող միգրանտներն այսօր  հիմնականում տնտեսական միգրանտներ են, այսինքն՝ սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված են երկրից դուրս գալիս: Մյուս պատճառը, որ ԵՄ անդամ երկրները չեն ընդունում հայաստանցիներին, այն է, որ նրանք չեն բավարարում Փախստականների մասին կոնվենցիայի դրույթներին, այն հինգ պայմաններին, որ պետք է միգրանտները բավարարեն, որպեսզի ստանան փախստականի կարգավիճակ: Սոցիալ-տնտեսական պատճառները փախստականի կարգավիճակ ստանալու համար հիմք չեն դիտարկվում: Բացի Ֆրանսիայից, նաև Գերմանիան է Հայաստանը դիտարկում ապահով երկիր: Հայկանուշ Չոբանյանի խոսքով՝ շուտով այդ մասին պաշտոնապես կհայտարարվի: Իսկ դա ենթադրում է, որ Գերմանիայից հայերի արտաքսումը կարագանա: Առանց այն էլ վերջին շրջանում Գերմանիան կոշտ միգրանցիոն քաղաքականություն է վարում: Իսկ ապահով երկիր համարելը կարող է ենթադրել այն, որ Հայաստանից ցանկացած ապաստանի հայց Գերմանիայում ևս քննվելու է արագացված կարգով՝ 15 օրում: “ԵՄ անդամ երկրները կարող են 15 օրում քննել հայցերը, որոշում կայացնել ու հայկական կողմին չտեղեկացնել այդ մասին: Նրանք միայն այն դեպքում են հայկական կողմին դիմում, երբ որոշակի ապացույցներ են պետք քաղաքացիության հաստատման վերաբերյալ»,-ասաց Չոբանյանը: Գերմանիան միգրացիոն կոշտ քաղաքականություն վարող երկրների ցանկում առաջատարն է: 2017-2018 թվականներից ամենամեծ թվով ռեադմիսիոն հայցերը ստացվել են հենց Գերմանիայից: Հետաքրքիր է, որ Գերմանիայից ստացվում են հայցեր այն անձանց մասին, ովքեր երկար տարիներ բնակվել են Գերմանիայում: Ոչ թե մի քանի տարի բնակության մասին է խոսքը, այլ, Չոբանյանի խոսքով, 15-20 տարի այնտեղ բնակվող, բայց բնակությունը շարունակելու իրավական հիմքեր չունեցող անձանց վերաբերյալ են անգամ հայցեր ստացվում: Ընդհանուր առմամբ, 2018 թվականին Հայաստանը 1000 ռեադմիսիոն հայց է ստացել՝ 2027 անձանց նկատմամբ: Առաջին տեղում Գերմանիան է՝ 684 հայցով՝ 1402 անձի վերաբերյալ: Հաջորդում են Ֆրանսիան, Ավստրիան, իսկ չորրորդ տեղում Ռուսաստանն է: Այս տարվա առաջին եռամսյակում ԵՄ անդամ երկրներից 235 ռեադմիսիոն հայց է ստացվել՝ 500 անձի վերաբերյալ: Առաջին տեղում դարձյալ Գերմանիան է՝ 164 հայց՝ 342 անձի վերաբերյալ: Հաջորդում են Ֆրանսիան, Ավստրիան: Եվս 15 հայց ստացվել է Ռուսաստանից՝ 25 անձի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ից ստացված ռեադմիսիոն հայցերով այս տարվա առաջին եռամսյակում 87.25 տոկոս դրական պատասխան է տվել հայկական կողմը: Դա նշանակում է, որ այդքան անձի քաղաքացիությունը հաստատված է: Բայց, ինչպես մասնագետն է ասում, սա փաստացի վերադարձի ցուցանիշը չէ, սրանք այն դեպքերն են, որոնցով ԵՄ անդամ երկրները դիմել են Հայաստանին: Բայց ռեադմիսիոն համաձայնագրով այլ վերադարձվածներ էլ կան, որոնց մասին տվյալները հայկական կողմը չունի, քանի որ այդ անձինք առանց հայկական կողմին դիմելու են վերադարձվել, նրանց փաստաթղթերը կարգին են եղել, հարցում անելու անհրաժեշտություն չի ծագել: Մյուս կողմից, ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում կայացված որոշումներով ոչ բոլորն են վերադառնում Հայաստան: Նրանց մի մասը բողոքարկում են այդ որոշումները, այլ մեթոդներ են դիմում՝ երկարացնելով իրենց բնակությունը տվյալ երկրում: Ինչ վերաբերում է բուժման նպատակով ԵՄ անդամ երկրներ մեկնած հայաստանցիներին, ապա նրանց նկատմամբ ևս որևէ պարտավորություն չունեն այդ երկրները: «Բուժումն ավարտելուց կամ ժամանակավոր պաշտպանության ժամկետի ավարտից հետո այդ երկրները դարձյալ իրավասու են այդ մարդկանց հետ վերադարձնել իրենց ծագման երկիր: Նրանք ոչ մի կերպ պարտավորված չեն այդ միգրանտներին տրամադրել այլ կարգավիճակ: Նրանք հումանիզմի սկզբունքով են առաջնորդվում, բայց դա չի նշանակում, որ պարտավոր են ամբողջ կյանքում այդ անձանց խնամքով զբաղվել»,- նշեց Չոբանյանը: Հատկապես Գերմանիայից արդեն քաղցկեղով հիվանդներին են վերադարձնում Հայաստան: “Նման դեպքեր էլ կան, բայց մենք ենթադրում ենք, որ նման հիվանդներին որոշակի աջակցություն այնուամենայնիվ տրամադրում են՝ հաշվի առնելով այն, որ ունեն հումանիտար մոտեցումներ”,- հավելեց Հայկանուշ Չոբանյանը: Մասնագետի խոսքով՝ առողջական կամ տնտեսական վիճակը փախստականի կարգավիճակ ստանալու հիմք չէ: Այսինքն՝ որոշակի բուժման փուլից հետո մարդուն կարող են ուղարկել իր երկիր: Գերմանիայից վերադարձողները վերջին շրջանում պատմություններ էին պատմել, ըստ որոնց, իրեն գիշերվա ժամերին են կոպիտ կերպով արտաքսել: Հայկանուշ Չոբանյանն հաստատում է, որ դիրքորոշման կոշտացում կա: “Եթե նրանք մարդուն ասեն՝ դուք տանը մնացեք, որ մենք այսինչ օրը գանք ու ձեզ հետ վերադարձնենք, պարզ է, որ մարդը չի ցանկանա տանը մնալ: Իրենք պատմում են, որ համապատասխան կառույցների ներկայացուցիչները նախապես չեն զգուշացնում, նրանց տներ են գնում այն ժամերին, որ մարդիկ տանն են և այդ մեթոդներով են փորձում մարդկանց հետ վերադարձնել: Բայց դա ոչ բոլոր երկրներում է տարածված”,- ասաց նա: Եվրոստատի վիճակագրության համաձայն՝ 2016 թվականին կտրուկ աճել է Հայաստանից ԵՄ անդամ երկրներում ապաստան խնդրողների թիվը՝ 7800 անձ: 2018-ին արդեն այդ թիվը նվազել է՝ կազմելով 4820: Նրանք  այն մարդիկ են, ովքեր առաջին անգամ ապաստանի համար դիմել են ԵՄ անդամ երկրներ: Եվրամիության անդամ երկրներից դժգոհություններ են հնչում, որ վերադարձի ոչ բոլոր որոշումներն են կատարվում: Եվրոստատի վիճակագրության համաձայն՝ 2017-ին 5330 ՀՀ քաղաքացիների համար վերադարձի որոշում է ընդունվել: Բայց հետ են վերադարձել նրանց ընդամենը 24.2 տոկոսը: “Եվ եվրոպացիներն ասում են, որ բավական ցածր է վերադարձի տոկոսը: 2017 թվականի տվյալներով՝ Եվրամիությունում մոտ 400-500 հազար անօրինական միգրանտներ կան, որոնցից միայն 40 տոկոսն են վերադարձել իրենց ծագման երկրներ”,- նշեց Հայկանուշ Չոբանյանը: Միգրացիոն ծառայության մասնագետը ԵՄ անդամ երկրներ բնակության մեկողներին հիշեցնում է՝ ունեցվածքը վաճառելով ու Եվրոպա մեկնելով՝ շատ արագ, ընդամենը 15 օր անց նրանք կարող են հետ վերադարձվել Հայաստան, քանի որ  երկիրը արդեն դիտարկվում է անվտանգ: “Ասում են՝ իբր Նիկոլ Փաշինյանն է պահանջում, որ Եվրոպայից հետ ուղարկեն հայերին: Դա սխալ տեղեկություն է, միջազգային իրավունքի ու պարտավորությունների շրջանակներում է այս գործընթացը”,- ասաց նա:

Աղբյուր

Շատ դիտվածներ
Թեգեր