Արտաքսվածները․ դժվար վերադարձ

Գերմանիայից արտաքսվող հայաստանցիների թիվը շարունակում է աճել. ապրիլին հերթական օդանավը վայրէջք կատարեց՝ շուրջ 50 արտաքսված հայերով։

«Ինձ զանգ տվեց մեկը ու ասեց, որ ամբողջ օդանավը Գերմանիայից դեպորտ եղածներ էին», - նշեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Միգրացիա և զարգացում» ծրագրի ղեկավար Արմինե Եփրեմյանը։

Արմինե Եփրեմյանի խոսքով՝ իրենց դիմած քաղաքացիների վիճակագրությունն ունեն. վերջին տարում վերադարձած 218 ընտանիքներից 148-ը Գերմանիայից են:

«2015 թվականի ռեադմիսիոն պայմանագիրն է պատճառը, որից հետո քաղաքականություն է փոխվել։ Վերջին կես տարում ավելի շատ արտաքսվում են, քան կամավոր [վերադառնում]», - նշեց Եփրեմյանը։

Մինչև արտաքսելը տվյալ երկրի միգրացիոն ծառայությունը նախ Հայաստանի կոլեգաներից ճշտում է՝ արդյո՞ք մեր երկրի քաղաքացի է տվյալ անձը։ Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալով՝ 2012 թվականին Եվրամիության երկրներից ընդամենը 9 նույնականացման հայց են ստացել, իսկ այս տարվա առաջին երեք ամիսներին՝ 164 հայց միայն Գերմանիայից։ Հայերը այդ երկրից ապաստան են հայցում հիմնականում զանազան հիվանդություններից փրկվելու համար։

«Շատ-շատ են քաղցկեղով հիվանդները, հեպատիտ C, փսորաիզ, էն հիվանդությունները, որ Հայաստանում բուժում չկա», - ընդգծեց «Միգրացիա և զարգացում» ծրագրի ղեկավարը։

Թորոյանների 4-հոգանոց ընտանիքը Գերմանիա մեկնեց, տան հոր՝ Թորոս Թորոյանի ձևակերպմամբ՝ «կաշին փրկելու» համար. «Ես, չունենալով տուբերկուլյոզ հիվանդություն, ինձ տեղավորել են տուբդիսպանսեր ութ ամսով։ Ութ ամիս իրանց դեղորայքով թունավորելուց հետո բանը հասավ քիմիաթերապիային, հետագայում՝ ճառագայթին, և այլն։ Ինձ բուժող բժիշկը լաց եղավ իր կաբինետում նստած, ասաց՝ «տղա ջան, գնա կաշիդ փրկի»։

11 և 9 տարեկան երեխաների հետ Գերմանիա են հասել մի քանի ամսում։ Քիմիաթերապիան ընդհատած, հազիվ տեղաշարժվող Թորոսը չի մոռանում ճանապարհը, որ անցել են ոտքով, շաբաթներ շարունակ։

«Մեզանից մնացել էր մենակ ոսկոր՝ կաշին վրեն քաշած։ Հինգ եվրոպական պետություն, շատ դժվար էր. էրեխեքը վախեցան ճամփին», - ասաց Թորոս Թորոյանը։

Ի վերջո տեղ են հասել ու ստացել կարեկցանք և բուժսպասարկում գերմանական Դետմոլդ քաղաքում։ Թորոսը պատմում է, որ շատ արագ իր առողջական վիճակը բարելավվել է, նրա հիվանդությունը բիշկների անընդհատ ու խիստ հսկողություն է ենթադրում։ Երեխաները՝ դպրոց, ինքը՝ կնոջ հետ, արագ գերմաներեն են սովորել, անցել կամավորական աշխատանքի՝ մինչև արտաքսման լուսաբացը։

«Որ ոստիկանները մտան մեր տուն, ես հուզվեցի ու չէի ուզում գնայի», - նշեց Թորոսի դուստրը՝ Գայանեն։

Դպրոցահասակ դուստրը արտաքսման օրից ուշքի չի գալիս։

«9 ամիս նորմալ դպրոց չի հաճախում, էդ էրեխեն կա՛մ անկողնում է պառկած, կա՛մ հիվանդանոցի անկողնում», - ասաց Թորոս Թորոյանը։

Գայանեն, ինչ վերադարձել են, ստամոքսային խնդիրներ ունի։ Նյարդաբան հոգեբաններն ասել են՝ սթրեսից է, ինքն էլ ժպտում է միայն Դետմոլդի ընկերուհիների անունները տալիս. Լիան, Մելիսան ու Մաղիանը թող իմանան՝ Գայանեն կարոտել է, ուզում է վերադառնալ։

Դեպորտ արված ընտանիքների համար պետությունը որևէ ծրագիր չունի, բարեգործական ու միջազգային կազմակերպություններն են նրանց խնդիրներով զբաղվում։ «Հայկական Կարիտասն» այդ մարդկանց համար սոցիալական փաթեթ ունի՝ ընտանիքի մեկ չափահաս անդամին 750 եվրո, երեխային՝ 400 եվրոյի չափով գումար են տրամադրում, նաև կենցաղային տեխնիկա, դեղորայք, նայած թե ընտանիքն ինչի կարիք ունի։

«Հերիք չի, որ մենք կարող ենք տան վարձով օգնել, ուզում ենք այս պահին համայնքի ուժն էլ օգտագործել։ Ունենք դեպք, որ, ասենք, Արմավիրի մարզում քաղաքապետարանը և թե մարզպետարանը ընտանիքներին օգնել են մեզ հետ համատեղ», - նշեց Արմինե Եփրեմյանը։

Թորոյանները վարձով նոր տուն են փնտրում, այստեղից պետք է հեռանան։ Ինչպե՞ս են հաղթահարելու նախ առողջական, ապա ապրուստի հարցերը՝ Թորոսի գլխում քաոս է։

«Նորմալ, հիմնական աշխատանքի չեմ կարում ընդունվեմ, աշխատեմ», - ընդգծեց նա։

Հարություն Կարապետյանն էլ վերջերս է Գերմանիայից արտաքսվել, համակարգային կարմիր գայլախտ հիվանդությունն ունի։

«Իմ ընտանիքը թողեցի, կին, երեխաներիս թողեցի գնացի, որ իմ կյանքը փրկեմ», - ասաց Կարապետյանը։

Մեկնել է Իտալիա, հետո՝ Գերմանիա, այնտեղից հետ է ուղարկվել Իտալիա, հետո՝ հանձնվել Ավստրիայում, վերջում՝ էլի Գերմանիա, ու դեպորտ՝ Հայաստան։ Այդ գիշերն, ասում է, ամենադաժանն էր՝ անդեղ, անհաց։

«700 կիլոմետր մեքենայով են տարել, այնտեղից սամալյոտով են ուղարկել, բայց էդ ճանապարհը ես, ասենք, սոված եմ անցել։ Ես իմ տան մեջ հաց եմ սարքել, որ ուտեմ, եկել են միանգամից տարել են», - պատմեց Հարություն Կարապետյանը։

Աշխատել կարող է, թե ոչ, չգիտի, սպասում է բժիշկներն ուղղորդեն։ «Հայկական Կարիտաս»-ին դիմել է անտոկոս վարկ ստանալու ու մի փոքրիկ գործ սկսելու համար։

«Վարկային ծրագիր կա, որ անտոկոս ինձ գումար պետք է վճարեն, հիմա էլ այդ հարցով եմ եկել, որ տեսնեմ՝ ինձ կտա՞ն։ Ուզում եմ անասնապահությամբ զբաղվեմ», - նշեց նա։

2,5 միլիոն դրամի չափով անտոկոս փոխառություն. սա նույնպես հարկադիր վերադարձածների համար նախատեսված ծրագիր է։ Տիկին Սալբիի համար թխվածք պատրաստելու պարագաներ են գնել, դեղորայք՝ որդուն, և նաև տան վարձն են հոգացել։

Սալբի Բրուտյանը Սիրիայի պատերազմից որդու հետ Հայաստան էր փախել, այստեղից էլ ապաստան խնդրել Գերմանիայում։ Ասում է՝ որդին նյարդային համակարգի խնդիրներ ունի, նրա համար է լավ ապագա երազել։ Գերմանիայի փախստականների ճամբարում, երբ որդին իրեն մի քիչ անհանգիստ է պահել, ոստիկաններ են եկել, այդտեղ էլ տիկին Սալբին սարսափել է՝ որդուն չտանեն. «Հետաքրքրվա, որ պիտի կորսցնեմ տղայիս, այսինքն պիտ գան, պիտ տանին, բայց ո՞ւր պիտ տանին»։

Իր 14-ամյա Ջորջի հետ Հայաստանում է՝ անուշեղեն է թխում, թե ստացվեց՝ վաճառում է։

Տիկին Սալբին այն բացառիկներից է, որ Գերմանիայից վերադարձել է կամավոր։ Ասում է. «Այստեղ էլ դժվար եմ ապրում, բայց որդուս ձայները ոչ մեկին չեն խանգարում»։

Աղբյուր

Շատ դիտվածներ
Թեգեր