Նորություններ

Ծանոթացե՛ք Հայաստան վերադարձի բնագավառում վերջին նորություններին։

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում

Պետությունը կաջակցի վերադարձող քաղաքացիներին

Հրապարակված է մար 19, 20
Կառավարության որոշմամբ՝ այսօր ընդունվեց «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»։ Այս մասին տեղեկացնում է միգրացիոն ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ծրագրով առաջնային օժանդակություն կցուցաբերվի Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու  նպատակով։ Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչներից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և գնահատված կարիքներին համապատասխան ուղղորդում։ Այս բաղադրիչը վերաբերում է ինչպես կամավոր, այնպես էլ հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին։ Երկրորդը կացարանով ապահովման բաղադրիչն է։ Այն վերաբերում է միայն հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին։ Ժամանակավոր կացարանով ապահովումը նախատեսում է բնակարան վարձակալելու համար սուբսիդիայի տրամադրում՝ 6 ամիս տևողությամբ, 60.000 ՀՀ դրամի չափով: Ծրագրի թիրախային խմբեր են սահմանվել հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները և օտարերկրյա պետություններից արտաքսված կամ վտարված առավել խոցելի ՀՀ քաղաքացիները։ Ծրագրով սահմանվել են ժամանակային չափանիշներ՝ առնվազն 1 տարի արտերկրում բնակության տևողությունը և վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում ծրագրին դիմելու ժամանակահատվածը: Հարկ է ընդգծել, որ ծրագրի հիմքում ընկած է անձանց խոցելիությունը, այլ ոչ թե նրանց միգրացիոն փորձառություն ունենալու հանգամանքը։ Ծրագրի ընդունումը կարևոր քայլ է նաև ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների իրականացման արդյունքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ, ինչն էլ կարևոր է ՀՀ-ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի համար։

Նրանց արտաքսում են գիշերով՝ առանց իրերը հավաքելու․ հայ միգրանտներին այլևս ապաստան չեն տալիս Եվրոպայում

Հրապարակված է հուն 18, 20
Մեկնում բուժման նպատակով 38-ամյա Կարեն Սարգսյանը (անունը փոխված է) երկու տարի Գերմիանիայում ապրելուց հետո, կամավոր վերադարձել է Հայաստան, որպեսզի պարտադրաբար չվերադարձվի միգրացիոն ծառայությունների կողմից։ Կարենն արդեն 12 տարի չի քայլում, տեղաշարժվում է սայլակով։ «2007 թվականին ինձ վիրահատեցին Հայաստանում, ողնաշարիս ուռուցքը հեռացնելիս, բժիշկները վնասեցին ողնուղեղը։ Գերմանիա մեկնեցի բուժման նպատակով եղբորս հետ 2017 թվականի օգոստոսին, վերադարձա երկու տարի անց», — պատմում է Կարենը։ «Հանձնվել է» բժշկական փաստաթղթերով, սակայն մերժում է ստացել։ Պատճառաբանել են, որ  Հայաստանում կան համապատասխան վերականգնողական կենտրոններ, հետևաբար, կարող է օգնություն ստանալ իր երկրում։ Շատերն են Գերմանիա գալիս ծանր հիվանդություններով։ Սակայն առողջական վիճակը ապաստան տալու հիմք չէ։  Եթե հիվանդին անհապաղ օգնություն է պետք, ապա նրան ընդունում են՝ նաև ժամանակավոր ապաստան են տալիս։ Բայց բուժման ավարտից հետո վերադարձնում են հայրենիք։ Չեն արտաքսում միայն այն դեպում, եթե այդ հիվանդությունը շարունակական միջամտության կարիք ունի, Հայաստանում էլ այն չեն բուժում։ «Երբ մերժեցին, հասկացա որ վտանգ կա դեպորտացիայի, իսկ ես չէի ուզում արտաքսման ենթարկվել։ Կամավոր վերադարձա, որովհետև հնարավոր է նորից մեկնեմ բուժման նպատակով։ Իսկ դեպորտացիայի դեպքում մի քանի տարով մուտքս կարգելվի», — պատմում է Կարենը։ Դեռևս Գերմանիայց Կարենին ուղղորդել են «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ։ Եվ վերադարձից հետո այդ կազմակերպությունը գնահատել է նրա կարիքները և համապատասխան օգնություն ցուցաբերել։ «Վերանորոգեցին լոգարանը, զուգարանը, դուռը փոխեցին հարմարեցնելով սայլակի չափերին, ինչպես նաև սայլակ ու մահճակալ գնեցին», — ասում է Կարենը։ «Հայկական Կարիտաս»-ի «Միգրացիա և զարգացում»  ծրագրի սոցիալական աշխատող Վերգինե Գասպարյանը նշում է, որ իրենց  դիմում են  վերադարձից հետո վեց ամսվա ընթացքում՝ ոչ ուշ։ Այս տարի իրենց  դիմել է 56 ընտանիք, 157  անձ՝ հիմնականում Գերմանիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Հոլանդիայից  և Դանիայից։ 39-ը վերադարձել են հարկարդիր, վեցը` կամավոր, մնացածը` կամավոր հարկադիր: «Հիմնականում մեկնելու պատճառները առողջական խնդիրներ են եղել, ու հետ են եկել նույն խնդրով։ Բայց կան նաև մարդիկ, որոնք հնարում են իրենց ախտորոշումն՝ ու գնում: Մենք օգնում ենք իրականում առողջական խնդիր ունեցողներին», — ասում է Վերգինե Գասպարյանը։   Տնտեսական միգրանտներ «Հայկական Կարիտաս»-ի մեկ այլ՝ «Միգրացիա և զարգացում» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանն ասում է. աշխատանք փնտրող Հայաստանի քաղաքացիները մուտք են գործում ԵՄ երկրների տարածք տուրիստական վիզայով։ Մուտքը օրինական է լինում, այլ հարց է, թե ինչպես են մնում։ «Այս թիրախ խումբը դիմում է ապաստանի համար, մերժվում է, փորձում է  դատարան դիմել, մերժվում է։ Նշանակում է դառնում են ապօրինի միգրանտներ: Ըստ կոնվենցիաների, միջազգային տարբեր փաստաթղթերի փախստականի կարգավիճակ ես ստանում այն դեպքում, երբ քո երկրում արտակարգ իրավիճակ է տիրում, եթե ենթարկվել ես քաղաքական  բռնության և այլ ճնշումների: Հայերն այսօր տնտեսական միգրանտներ են։ Ինչպես երեք կամ հինգ տարի առաջ, գնում են արտերկիր իրենց սոցիալական վիճակը բարելավելու։ Ու եթե անգամ նրանք ասում են, որ ենթարկվել են քաղաքական հետապնդման, դա հնարավոր է պարզել», — ասում է Լուսինե Ստեփանյանը։ Նա բացատրում է, թե ինչու են հետ վերադարձի դեպքերը գնալով աճում։ «Սիրիական հակամարտության ժամանակ Եվրոպան իր սահմանները բացեց միլիոնավոր փախստականների առաջ։ ԵՄ երկրները սկսեցին ավելի ուշադիր քննել ապաստանի գործերն ու, բնականաբար, ավելի խիստ լինել չափորոշիչների հանդեպ: Նրանք ասում են․ հետ ենք ուղարկում տնտեսական միգրանտներին, որպեսզի կարողանանք օգնել նրանց, ովքեր փրկում են իրենց կյանքը»։

Միգրացիոն ծառայությունում քննարկվել է վերաինտեգրման քաղաքականության միասնական ռազմավարությունը

Հրապարակված է դեկ 20, 19
Այսօր տեղի ունեցավ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի հերթական` 7-րդ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Միգրացիոն ծառայությունը: «Վերաինտեգրումը երկու ոլորտների է առնչվում՝ սոցիալական աջակցություն, զարգացում և միգրացիոն հոսքերի կառավարում»,-նշեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ավելացնելով, որ Ծառայությունն զբաղվում է նաև ոլորտի քաղաքականության մշակմամբ։ Ֆորումի ընթացքում ներկայացվեց «ՀՀ-ում գտնվող հարկադիր տեղահանված անձանց ինտեգրման և Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման քաղաքականության միասնական ռազմավարության» նախագիծը։ Ռազմավարության մշակման աշխատանքային խմբի փորձագետ Ալինա Պողոսյանը շեշտադրեց, որ ազգային օրակարգն է ներմուծված փաստաթուղթ։ Ներկայացվեց, որ 6 թիրախ խումբ է սահմանված փաստաթղթում, որոնցից առաջինը վերադարձողներն են, գործողությունների ծրագիրը մշակվելու է մյուս տարի։ «Կարիքների գնահատման հիման վրա գեներացվել են 80 խնդիրներ՝ կոչված ծառայելու այդ կարիքների բավարարմանը, իսկ կարիքների վերհանմանը մասնակցել են ոլորտի բոլոր դերակատարները»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով ևս մեկ կարևոր սկզբունք՝ անհատականացված վերաինտեգրում և ներառական ու հասանելի աջակցություն։ Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև վերաինտեգրման CAROB ծրագիրը, որը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (ՆԻՖԳ/OFFII) և Գերմանիայի՝ փոխստականների և միգրանտների գործերով դաշնային վարչության (BAMF) համագործակցությամբ։ CAROB ծրագրի պատասխանատու Արա Հովհաննիսյան ներկայացրեց գործի վարման ողջ կարգը. «BAMF-ից ստանում ենք ամբողջ գործը, կատարաում ենք կարիքի գնահատում, որոշում ենք՝ որ հասարական կազմակերպությանը կամ բիզնես խորհրդատուին ենք հանձնարարելու ստանձնելու տվյալ գործը, տվյալ գործընկերոջ կողմից մշակվում է վերաինտեգրման պլան, ստեղծվում է գնահատող հանձնաժողով։ Կոմիտեն կարծիքը հայտնում է 48 ժամվա ընթացքում, գործն ուղարկվում է BAMF, հինգ օրում եզրակացություն են տալիս, վերջնական խոսքը Գերմանիայի դեսպանինն է»։ Աղբյուր

Տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի հանդիպումը

Հրապարակված է դեկ 20, 19
Այսօր տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի հերթական` 7-րդ հանդիպումը։ «Վերաինտեգրումը երկու ոլորտների է առնչվում՝ սոցիալական աջակցություն, զարգացում և միգրացիոն հոսքերի կառավարում»,-նշեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ավելացնելով, որ Ծառայությունն զբաղվում է նաև ոլորտի քաղաքականության մշակմամբ։ Ֆորումի ընթացքում ներկայացվեց «ՀՀ-ում գտնվող հարկադիր տեղահանված անձանց ինտեգրման և Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման քաղաքականության միասնական ռազմավարության» նախագիծը։ Ռազմավարության մշակման աշխատանքային խմբի փորձագետ Ալինա Պողոսյանը շեշտադրեց, որ ազգային օրակարգն է ներմուծված փաստաթուղթ։ Ներկայացվեց, որ 6 թիրախ խումբ է սահմանված փաստաթղթում, որոնցից առաջինը վերադարձողներն են, գործողությունների ծրագիրը մշակվելու է մյուս տարի։ «Կարիքների գնահատման հիման վրա գեներացվել են 80 խնդիրներ՝ կոչված ծառայելու այդ կարիքների բավարարմանը, իսկ կարիքների վերհանմանը մասնակցել են ոլորտի բոլոր դերակատարները»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով ևս մեկ կարևոր սկզբունք՝ անհատականացված վերաինտեգրում և ներառական ու հասանելի աջակցություն։ Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև վերաինտեգրման CAROB ծրագիրը, որը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (ՆԻՖԳ/OFFII) և Գերմանիայի՝ փոխստականների և միգրանտների գործերով դաշնային վարչության (BAMF) համագործակցությամբ։ CAROB ծրագրի պատասխանատու Արա Հովհաննիսյան ներկայացրեց գործի վարման ողջ կարգը. «BAMF-ից ստանում ենք ամբողջ գործը, կատարաում ենք կարիքի գնահատում, որոշում ենք՝ որ հասարական կազմակերպությանը կամ բիզնես խորհրդատուին ենք հանձնարարելու ստանձնելու տվյալ գործը, տվյալ գործընկերոջ կողմից մշակվում է վերաինտեգրման պլան, ստեղծվում է գնահատող հանձնաժողով։ Կոմիտեն կարծիքը հայտնում է 48 ժամվա ընթացքում, գործն ուղարկվում է BAMF, հինգ օրում եզրակացություն են տալիս, վերջնական խոսքը Գերմանիայի դեսպանինն է»։ Աղբյուր

Գերմանիան արտաքսում է հայաստանցի միգրանտներին

Հրապարակված է նոյ 11, 19
Այս թողարկումը Գերմանիայի միգրացիոն քաղաքականության ու արտաքսված ընտանիքների մասին է։ Փորձենք հասկանալ, թե գլոբալ զարգացումների հետեւանքով ինչ է փոխվել Գերմանիայի միգրացիոն քաղաքականության մեջ, որքան հայաստանցիներ են արտաքսվել այդ փոփոխությունների արդյունքում, ինչ խնդիրների են նրանք բախվում Հայաստան հարկադիր վերադարձից հետո։ Փոդքասթի այս թողարկումը հիմնված է «Հետք»-ում հրապարակված երկու հոդվածների վրա՝ «Մարդասիրական «դեպորտ». Եվրոպայից Հայաստան արտաքսվածների թիվը եռապատկվել է» եւ « «Դուռը ծեծեցին, բացեցի՝ բացարձակ չմտածելով, որ մեր հետևից են եկել»․ սեպտեմբերին 45 հայերի են արտաքսել Գերմանիայից» Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին https://www.facebook.com/groups/hetqpodcast: Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS ու Android հավելվածներում (Apple Podcasts, Google Podcast), որոնելով hetq։ Թողարկման շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը։ Հատուկ շնորհակալություն Սադոյանների ընտանիքին՝ իրենց պատմությամբ կիսվելու համար, ՀՀ Միգրացիոն ծառայության ղեկավարՂազարյան Արմենին, «Գերմանահայոց կենտրոնական խորհրդի» վարչության անդամ Դագեսյան Անիին, Մամիկոնյան Անդրանիկին եւ «Հետք»-ի լրագրողներ Ղազարյան Դիանային, Հովհաննիսյան Անիին եւ Բաղդասարյանին Սարոյին։ Աղբյուր

Առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան հարկադիր վերադարձողներին. նոր նախագիծ

Հրապարակված է հոկ 02, 19
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան հարկադիր վերադարձողներին՝ նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով։ Նման առաջարկություն է ներկայացրել նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է հարկարդիր վերադարձողներին ապահովել ժամանակավոր կացարանով, տրամադրել տեղեկատվական աջակցություն, առողջապահական խնդիրների լուծման նպատակով նրանց ուղղորդել, խոցելի խմբերի՝ իրենց կարիքներին համապատասխան աջակցություն տրամադրող հաստատություններում տեղավորվել։ Նախարարության հաշվարկներով՝ այս ծրագրի արժեքը կազմելու է մոտ 14 միլիոն դրամ և իրականացվելու է պետական բյուջեի գումարների հաշվին։ Գումարը ներառում է միայն ժամանակավոր կացարանի տրամադրման համար անհրաժեշտ միջոցները, քանի որ աջակցության մյուս տեսակների համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։ Նշենք, որ յուրաքանչյուր դիմումատուին տրամադրվող բնակարանի վարձի փոխհատուցման չափը կազմելու է 60,000 դրամ՝ վեց ամիս ժամկետով։

«Դուռը ծեծեցին, բացեցի՝ բացարձակ չմտածելով, որ մեր հետևից են եկել»․ սեպտեմբերին 45 հայերի են արտաքսել Գերմանիայից

Հրապարակված է հոկ 01, 19
«Առավոտյան գերմաներենի քննության էինք։ Քննությունը տվեցինք, ուրախ եկանք տուն։ Գիշերը քնած էինք։ Ժամը 2-ին դուռը ծեծեցին, բացեցի՝ բացարձակ չմտածելով, որ մեր հետևից են եկել։ Տեսնեմ 15 ոստիկան։ Ասում են՝ հանգնվեք, դուրս եկեք։ Դուռը ծածկեցի, կին ոստիկաններից մեկը ներս եկավ։ Հարցրեցի՝ կարո՞ղ է սխալվել եք, կարո՞ղ է մեր հետևից չեք եկել։ Ասեցին՝ չորս մարդ, երեք կին, մեկ տղամարդ, դո՞ւք եք։ Ասեցի՝ մի հատ ցույց տվեք, հա, նկարները։ Թղթերի վրա մեր նկարներն էին։ Մտա սենյակ, երեխեքին ասեցի՝ երեխեք, հագնվեք, եկել են մեզ տանեն։ Երևի հոգով բոլորս էնքան երազում էինք Հայաստան վերադառնալու մասին, որ տենց էլ եղավ»,- Ալլա Շահինյանն այսպես է հիշում իրենց արտաքսման գիշերը։ Ալլան ձմեռային շորերը տեղավորել է պայուսակի մեջ ու երեք երեխաների հետ լքել հանրակացարանը՝ ուղևորվելով օդանավակայան։ Ընտանիքը 2018-ի օգոստոսի 1-ից բնակվում էր Գերմանիայի Նիդերդորֆ ավանի հանրակացարանում, մինչ այդ՝ Լայպցիգ քաղաքում։ Նրանց համար արտաքսման որոշումը անսպասելի է եղել, քանի որ օգոստոսին ստացել էին առողջական ապահովագրությունները, Ալլան էլ պատրաստվում էր պետական աշխատանքի անցնել։ Դրանից հետո ընտանիքը ֆինանսապես անկախ էր դառնալու։ Ալլան երկու հաշմանդամություն ունեցող և մեկ անչափահաս երեխայի հետ Գերմանիա է մեկնել 2017 թվականի նոյեմբերին՝ երկու երեխաների հիվանդությունն ախտորոշելու և բուժելու նպատակով։

Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների նոր խումբ այսօր կժամանի հայրենիք. ԵՄ կոշտ քաղաքականությունը չի շրջանցում նաև քաղցկեղով տառապող անձանց

Հրապարակված է սեպ 05, 19
Եվրամիության անդամ երկրներից ՀՀ քաղաքացիների հարկադիր վերադարձի տեմպերը չեն թուլանում։ «168 Ժամի» տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գերմանիայից չարթերային չվերթով 40 ավելի անձինք հարկադիր կվերադարձվեն Հայաստան։ Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ չարթերն է։ Այս թռիչքները կազմակերպում է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալությունը` Ֆրոնտեքսը, որի աջակցությամբ 2016թ. իրականացվել է 8 չարթերային վերադարձ, 2017-ին՝ 10, 2018թ.՝ 16 (ներառյալ՝ 4 կանոնավոր թռիչքներ)։ Նույն կերպ էլ արտաքսվածների թիվն է աճի միտում դրսևորում. 2016թ. 113-ի դիմաց՝ 2018-ին արձանագրվել է 268 վերադարձող։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն  ծառայության տվյալներով՝ այս տարի առաջին  կիսամյակի ընթացքում ԵՄ երկրներից ստացվել է 490 ռեադմիսիոն հայց՝ 944 անձանց վերաբերյալ։ Ծառայության կողմից դրական պատասխան է տվել 84.8% կամ 792 դեպքերի վերաբերյալ։ Այսինքն՝ հաստատվել է տվյալ անձանց ՀՀ քաղաքացիությունը, և նրանք ենթակա են հարկադիր վերադարձի։ Ռեադմիսիայի ենթակա ամենաշատ ՀՀ քաղաքացիները Գերմանիայում են՝ 576, ապա Ֆրանսիայում՝ 97, ապա Շվեդիայում՝ 36, Ավստրիայում՝ 35, և այլն։ Եվրոպայից միգրանտների  արտաքսման դեպքերը շատացել են՝ ԵՄ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացման և Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում։ Միգրացիոն ճգնաժամն այնտեղ սրվեց սիրիական պատերազմի հետևանքով և դեռևս 2014-15 թթ.-ից միգրացիոն քաղաքականությունը խստացվեց։ Իրական փախստականներն այնքան շատ են, որ ապաստան ստանալու համար մեր հայրենակիցների ներկայացրած հիմնավորումները, այդ թվում՝ առողջապահական խնդիրները, որոնք որևէ կերպ փախստականության ինստիտուտի մեջ չեն տեղավորվում, առավել ևս՝ սոցիալ-տնտեսական խնդիներով գնացած մարդիկ շատ արագ ընթացակարգով մերժվում ու ետ են ուղարկվում։ Ընդհուպ մինչև 24-ժամյա ընթացակարգ է մշակվել, հենց օդանավակայաններում, երբ մեր քաղաքացին անձնագիրը պատռում ու հանձնվում է, տվյալ երկրի միգրացիոն ծառայությունը շատ արագ քննում է հարցը, մերժում ու անմիջապես օդանավակայանից հետ են ուղարկում։ Այժմ ետ են ուղարկվում նաև նախկինում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացիները, քանի որ քաղաքական ապաստանի հարցը քննվում է 3 տարին մեկ անգամ, իսկ 2018-ին ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Հայաստանը ԵՄ անդամ երկրների կողմից դիտարկվում է՝ որպես ապահով և ժողովրդավարական երկիր: Իսկ 2014 թվականից ուժի մեջ մտած Հայաստան-Եվրամիություն հետընդունման համաձայնագրով մեր երկիրը պարտավոր է նույնականացնել ու հետ ընդունել իր այն քաղաքացիներին, ովքեր ԵՄ երկրներ մուտքի կամ բնակության պայմաններն են խախտել: Հարկադիր ձևով եվրոպական երկրներից հայրենիք վերադարձողները մեծամասամբ գտնվում են սթրեսային վիճակում։ Ի՞նչ է անում պետությունը նրանց ընդունելու և ինտեգրելու համար։ Միգրացիոն ծառայությունում բացվել է Վերադարձ և վերաինտեգրում բաժին։ ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը մեզ տեղեկացրեց, որ մշակվում է հրատապ աջակցության ծրագիր, որ գիշերային ժամերին չարթերային թռիչքներով հարկադիր վերադարձի ենթարկված անձանց կարողանան գոնե 1 ամսով ապահովել ժամանակավոր կացարանով, զբաղվածության խնդիր լուծել, և այլն։ Ծառայությունում գործում է մեկ պատուհան ծառայություն, որը ֆինանսավորվում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամի կողմից, ամեն օր տարբեր ժամերի ընդունում է վերադարձողներին, կարիքներն է գնահատում և ուղղորդում։ Նաև գործում են տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպություններ, որոնք գնահատում են վերադարձողների կարիքները, վերադարձնող երկրի իշխանությունների հետ ճշտումներ են կատարում և որոշակի աջակցություն տրամադրում։ Սակայն այս գործընթացը տևում է ամիսներ։ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ ստեղծվել է Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի մասնաճյուղ (ERRIN), որի 3 խորհրդատուներ Միգրացիոն ծառայությունում հարկադիր վերադարձողներին 4 տեսակի աջակցություն են ցուցաբերում՝ բուժզննում, բնակվարձի փոխհատուցում 6 ամսով, բիզնեսի հիմնման աջակցություն և մասնագիտական վերապատրաստում։ Նախատեսված է, որ այս ծրագիրը կգործի մինչև 2020 թ. հուլիս՝ աջակցելով մոտ 400 շահառուի։ Սակայն շահառուների այդ թիվը լրացել է արդեն այս տարի հուլիսին, այսինքն՝ ծրագրվածից 1 տարի շուտ։ Ն.Դավթյանի խոսքով՝ պատճառն այն է, որ սպասվածից ավելի մեծ է եղել վերադարձողների հոսքը, նաև քաղաքացիների տեղեկացվածության մակարդակն է շատ բարձր, քանի որ ծառայության աշխատակիցներն օդանավակայանում վերադարձողներին և նրանց բարեկամներին իրազեկում են ծրագրի մասին. «Գրեթե բոլոր վերադարձողները դիմում են և աջակցություն ստանում, և դրա համար բյուջեն շուտ սպառվեց։ Բայց ծրագիրը կանգ չի առնի։ ERRIN-ը Գերմանիայի միգրացիոն հարցերով լիազոր մարմնի աջակցությամբ շարունակելու է ծրագիրը»։ Միգրացիոն ծառայության աշխատակիցը հաստատեց, որ ԵՄ կոշտ քաղաքականությունը չի շրջանցում նաև քաղցկեղով տառապող անձանց, որոնք մեկնում են հիմնականում Գերմանիա և ապաստան հայցում՝ բուժօգնություն ստանալու ակնկալիքով. «Մենք խորհուրդ ենք տալիս չընտրել այդ ճանապարհը՝ չգնալ ու հանձնվել՝ հույս ունենալով, թե այնտեղ ավելի լավ կյանք է լինելու, կամ լիարժեք բուժում են ստանալու, դա ֆանտաստիկայի ժանրից է։ Գերմանացի գործընկերները բազմիցս զգուշացրել են՝ որպես հումանիտար օգնություն՝ դեպորտ չեն անում միայն նրանց, որոնք ճանապարհին կմահանան, այսինքն՝ եթե բժիշկները երաշխավորում են, որ մարդը կարող է ճանապարհ անցնել, կհասնի Հայաստան, ուղարկում են։ Այն անձանց, որոնք որևէ հ/կ ծրագրից չեն կարողանում օգտվել, ունեն բժշկական խնդիրներ, Միգրացիոն ծառայությունն այդ դեպքերում միջնորդագրեր է գրում Առողջապահության նախարարություն, փորձում ենք անհատական ձևով ընթացք տալ, մինչև կունենանք ընդհանուր կատեգորիան ու կհասկանանք՝ ինչպես ենք վարվում»։ Աղբյուր

Եվրամիության երկրներից Հայաստան վերադարձվողների թիվը կաճի

Հրապարակված է օգո 19, 19
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը 2019 թվականի առաջին եռամսյակում ԵՄ երկրներից ստացել է 1030 հայտ՝ 2045 անձանց մասով։ Բավարարվել է հայտերի 83 տոկոսը։ Այսինքն ծառայությունը հաստատել է, որ այդ մարդիկ Հայասատանի քաղաքացիներ են և կարող են վերադառնալ։ Այն քաղաքացիները, որոնց փաստաթղթերում խնդիր չկա, վերադարձվում են Հայաստան առանց միգրացիոն ծառայությանը զգուշացնելու։ Հետևաբար, նրանց մասին հստակ տվյալներ չկան։ Այդուհանդերձ, 2018-2019 թթ-ին վերադարձվողների կտրուկ աճ է նկատվել։ «Պատճառը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն են, այսինքն անցած տարվա «թավշյա» հեղափոխությունը։ Դրանից հետո Հայաստանը համարվում է ապահով երկիր։ Բացի այդ Հայաստանի շատ քաղաքացիների գործեր, որոնք ունեին փախստականի կարգավիճակ, ու, թվում էր, թե ապահով ապրելու են Գերմանիայում կամ ԵՄ մեկ այլ երկրում, չգիտեին, որ իրենց կարգավիճակը երեք տարին մեկ վերանայվում է։ Շատ հաճախ հետ է վերցվում տրված կարգավիճակը, նրանց հետ են ուղարկում։ Որովհետև այն հիմքերը, որոնց հիման վրա նախկինում տվել էին կարգավիճակը, հիմա չեզոքացված են համարվում» , – ասում է միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։ Աղբյուր

ԵՄ երկրներից արտաքսումներն ավելացել են. ինչ է սպասում վերադարձած քաղաքացիներին Հայաստանում

Հրապարակված է օգո 09, 19
ԵՄ երկրներից արտաքսված Հայաստանի քաղաքացիները փորձում են հասկանալ`ինչպես շարունակեն ապրել հայրենիքում։ Իսկ պաշտոնական Երևանը չի խրախուսում ապօրինի միգրացիան` կոչ անելով քաղաքացիներին վերաինտեգրվելու համար օգտվել պետական կառույցների և հ/կ–ների աջակցությունից։ ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի –Sputnik, Նանա Մարտիրոսյան. Եվրոպական երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների` վերջերս հաճախակի դարձած արտաքսման դեպքերն այսօր ամենաարդիական և քննարկվող թեմաներից են։ Գերմանիայից չարթերային չվերթով ժամանած քաղաքացիներից ոմանք պնդում են, որ դեպորտացիայի մասին որևէ ծանուցում չեն ստացել։ Մյուսներն էլ ստացել են ծանուցում, սակայն առողջական խնդիրների պատճառով չեն վերադարձել։ Արդյունքում նրանք չեն հասցրել ավարտել բուժման կուրսը, քանի որ նրանց ստիպողաբար վտարել են երկրից։ Այսպես, օրինակ, դեպորտացիայի ենթարկված Արմանն ընտանիքի հետ բնակվում էր Գերմանիայում, փախստականների համար նախատեսված ճամբարում։ Նրանց ընտանիքում երեք երեխա կա, որոնցից երկուսը բնածին հաշմանդամություն ունեն։ Երեխաները վերականգնողական կուրս էին անցնում Գերմանիայում։ Սակայն դա չխանգարեց գերմանական ոստիկանությանը գիշերով ներխուժել նրանց բնակատեղի և հայտարարել վտարման մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արմանը վստահեցնում է, որ իրենք գրավոր ծանուցում չեն ստացել, և նման հապճեպ վերադարձը հայրենիք իրենց համար իսկական շոկ էր։ «Մենք չենք պատկերացնում, ինչպես ենք ապրելու Հայաստանում, քանի որ վաճառել ենք ողջ ունեցվածքը և մեկնել։ Ես չգիտեմ նաև, ինչպես լուծել երեխաներիս բուժման հարցն այստեղ, գումար չունեմ, բացի այդ մեր երկրում բժշկության մակարդակը նույնը չէ, ինչ Գերմանիայում», – նշեց նա։ Վարսենիկն իր հերթին, մեզ հետ զրույցում, խոստովանեց, որ Գերմանիայում փախստականների ճամբարում մի քանի տարի է անցկացրել, մի շարք տարօրինակ և վատ բաներ է տեսել, սակայն որակյալ բուժման պատճառով չէր ցանկանում հայրենիք վերադառնալ։ Կինը երիկամների հետ կապված խնդիր ունի։ Նրա կարծիքով` Հայաստանում չի կարողանա անհրաժեշտ բուժում ստանալ, իր խոսքով` այստեղ մահվան է դատապարտված։ Ի տարբերություն Արմանի, արտաքսումից առաջ նա բժշկական հետազոտում է անցել, նրան դեղորայք են նշանակել և լի դեղարկղիկով հայրենիք ուղարկել։ «Չգիտեմ ինչպես եմ ապրելու։ Ամեն ինչ կարծես մշուշի մեջ լինի։ Կյանքը սկսել զրոյից, երբ դու 50-ն անց ես, շատ դժվար է», – նշեց կինը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շտապ ծրագիր է մշակվում հայրենիք վերադարձած քաղաքացիներին աջակցելու համար։ Մասնավորապես, անհրաժեշտ է լուծել նրանց ժամանակավոր կացության և զբաղվածության հետ կապված հարցերը։ Նա հաստատեց, որ քաղաքացիները հաճախ են մեկնում եվրոպական երկրներ, մասնավորապես, Գերմանիա և ապաստան խնդրում` հույս ունենալով բուժում ստանալ, սակայն վերջին տարիներին այդ գործընթացը զգալիորեն բարդացել է։ «Մենք բազմիցս կոչ ենք արել մեր քաղաքացիներին նման քայլի չդիմել, քանի որ դա ֆանտաստիկայի ժանրից է։ Գերմանացի գործընկերները նույնպես բազմիցս զգուշացրել են, որ չեն արտաքսի միայն նրանց, ովքեր պարզապես չեն կարող դիմանալ թռիչքին և հնարավոր է` մահանան։ Եթե բժիշկը երաշխավորում է, որ մարդը կենդանի հայրենիք կհասնի, նրան արտաքսում են», – պարզաբանեց Դավթյանը։ Նա նշեց, որ միգրացիոն ծառայությունը օգնում է առողջական խնդիրներ ունեցող անձանց, եթե նրանք չեն կարողանում բուժում ստանալ տարբեր ծրագրերով։ Իրենց  գերատեսչությունը հաճախ  է դիմում առողջապահության նախարարությանը անհրաժեշտ բուժում կազմակերպելու միջնորդությամբ։ Բացի այդ, ծառայությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Գերմանիայի միգրացիայի և փախստականների գործերով  դաշնային գերատեսչության հետ ՀՀ քաղաքացիներին արտաքսել փաստաթղթերի լիարժեք փաթեթով, որը կարող է Հայաստանում նրանց պետք գալ անհրաժեշտ օգնություն ստանալու համար։ «Աջակցման փաթեթը 4 բաղադրիչ ունի` բուժզննում, կացության վճարի փոխհատուցում, մասնագիտական ուսուցում և բիզնեսի հիմնում։ Եթե նախկինում բյուրոկրատական քաշքշուկ էր առաջանում, ապա այսօր գործընթացն արագացված է, և վերադարձած քաղաքացիներն իրազեկված են ամեն ինչի մասին», – ընդգծեց նա։ Արտաքսված քաղաքացիներին օգնում են նաև բարեգործական կազմակերպությունները, այդ թվում` «Հայկական Կարիտասը»։ Այդ կազմակերպության ծրագրերի ղեկավար Լուսինե Ստեփանյանի խոսքով` վերադարձած քաղաքացիներին տրամադրվում է  անհրաժեշտ օգնությունը։ Եթե դեպորտացիայի ենթարկվածներն առողջական խնդիրներ ունեն, ապա լուծվում է նրանց բուժօգնություն տրամադրելու հարցը, եթե բնակտարածության հետ կապված խնդիրներ ունեն` փոխհատուցվում են վարձով բնակարանի ծախսերը։ Ավելին, հասարակական կազմակերպությունն օգնում է վերանորոգել բնակարանը, կահույք գնել և նույնիսկ բիզնես հիմնել։ Սակայն մի խնդիր կա. մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը կարող է օգնել հայրենիք վերադարձած միայն 100 անձի։ Միևնույն ժամանակ, միայն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում օգնության է դիմել արդեն 108 մարդ, որոնցից 84-ը արտաքսվել են Գերմանիայից։ Բնականաբար, այս հարցը չի շրջանցել նաև ՀՀ իշխանությունը։ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ իշխանությունը չի խրախուսելու ապօրինի միգրացիան։ Ավելին, եթե քաղաքացիները ցանկանում են եվրոպական երկրների հետ պարզեցված վիզայի ռեժիմ ստանալ, ապա պետք է գիտակցեն ապօրինի միգրացիայի անընդունելի ու խանգարող լինելը։ Այդպիսով նախարարը հասկացրեց, որ իշխանությունը եվրոպական երկրներին չի խնդրելու ՀՀ ապօրինի միգրանտների նկատմամբ մեղմ վերաբերմունք դրսևորել։ Նշենք, որ միգրացիոն ծառայության տվյալներով` Հայաստանը 2017 թվականին ռեադմիսիայի (հետընդունման) 906 հայտ է ստացել (1753 մարդ), որի շուրջ 83%–ը բավարարվել է։  2018 թվականին  888 հայտից (1768 մարդ) բավարարվել է մոտ  84%–ը։ 2019 թվականի միայն առաջին կիսամյակի ընթացքում, Հայաստանը 524 հայտ է ստացել (997 մարդ) հետընդունման վերաբերյալ, բավարարվել է շուրջ 84%–ը։ Ընդ որում, 30 հայտ ստացվել է Ավստրիայից, 13-ը` Բելգիայից, 1-ը` Ֆինլանդիայից, 345-ը` Գերմանիայից, 7-ը` Լեհաստանից, 11-ը` Նիդեռլանդներից, 20-ը` Շվեդիայից, 63-ը` Ֆրանսիայից, 34-ը` Ռուսաստանից։ Աղբյուր
Շատ դիտվածներ
Թեգեր